Կոնֆլիկտները՝ փոփոխությունների նոր շարժիչ ուժ
2000-2014-ին Վլադիմիր Պուտինի քաղաքականության առանձնահատկությունն էր, որ նա նախընտրում էր կոնֆլիկտները հարթել էլիտայի ներսում առանց աղմուկի և հաճախ անձամբ: Այդ բախումները, բազմիցս՝ ծայրահեղ սուր և վտանգավոր (2005-2006-ի ուժային պատերազմները կամ առաջադիմականների ու պահպանողականների բախումը 2011-ին), նրա ամբողջ կառավարման ընթացքում կային: Սակայն ազդեցության խմբերը չէին շտապում չարաշահել կոնֆլիկտները քաղաքական էքսպանսիայի համար, իսկ նախագահը միշտ ձգտում էր կատարել արբիտրի դեր և միայն այն իրավիճակներում, երբ խմբերի տարաձայնությունները շատ խոր էին, հարվածում էր կամ երկու կողմերին էլ թուլացնում:
Անցած տարիների կոնֆլիկտները հաճախ հորիզոնական էին, այսինքն՝ վերաբերում էին ներիշխանական համեմատաբար հավասար դրություն ունեցող խաղացողների («Գազպրոմի խումբը» ընդդեմ «սեչինականների», Անվտանգության դաշնային ծառայությունն ընդդեմ Պահպանության դաշնային ծառայության և այլն):
Նոր շրջանի առանձնահատկությունը դարձավ ուղղահայաց կոնֆլիկտների աճը, որ կապված է ներվարչակարգային կառուցվածքային անհավասարակշռության ձևավորման հետ, հօգուտ ուժայինների, նախ և առաջ՝ հատուկ ծառայությունների: ՊԴԾ-ն, որ երկար տարիներ քաղաքական առումով ԱԴԾ-ի հակակշիռն էր, կորցրեց նախկին կարգավիճակը և «չեզոքացվեց»: Այնտեղից դուրս բերվեցին բոլոր ազդեցիկ, Պուտինի հետ կապված կադրերը, իսկ ԱԴԾ-ն որոշակի առումով քաղաքական առավելություն ստացավ: 2016-ի կոնֆլիկտային կադրային վերադասավորումների զգալի մասը կապված էր ԱԴԾ-ի սեփական անվտանգության ծառայության 6-րդ վարչության ակտիվացման հետ, որ բազմաթիվ հետաքննություններ էր նախաձեռնում նախ և առաջ մաքսանենգության և մաքսային գործերի հետ կապված: Պիտերյան խոշոր բիզնեսմեն Դմիտրի Միխալչենկոյի դեմ քրեական գործը արագացրեց ՊԴԾ-ի ղեկավար Եվգենի Մուրովի պաշտոնանկությունը, որ, ԶԼՄ-ների բազմաթիվ լրահոսերի համաձայն, բացահայտորեն հովանավորում էր նրա ընկերություններին: «Մաքսային գործը» գլխավոր պատճառներից մեկն էր, որ խուզարկություններ եղան և Մաքսային դաշնային ծառայության պետ Անդրեյ Բելյանինովի մոտ: Նա հարկադրված էր հրաժարական տալ: Խոշոր վերադասավորումներ եղան և ԱԴԾ-ի ներսում՝ ազատվեցին ազդեցիկ աշխատակիցներ, ներառյալ Տնտեսական անվտանգության ծառայության ղեկավարները, նրանց կասկածում էին մաքսանենգ բիզնեսին «տանիքավորելու» մեջ, մասնավորապես ULS Global-ի ընկերությունները: Անձնական անվտանգության վարչության պետ Սերգեյ Կորոլյովը դարձավ Տնտեսական անվտանգության ծառայության պետ՝ փաստացի կուլ տալով մրցակից կառույցը ԱԴԾ-ի ներսում: Ազդեցության խմբերի մրցակցությունը ԱԴԾ-ի ներսում հանգեցրեց աղմկոտ քրեական գործընթացի Ռուսաստանի քննչական կոմիտեի ազդեցիկ քննիչների դեմ (օրենքով գող Շաքրո Մոլոդոյի գործը), որ ուժեղ հարված դարձավ Պուտինի համակուրսեցի Ալեքսանդր Բաստրիկինի համար: Մի խումբ գեներալներ ձերբակալվեցին, իսկ քննչական կոմիտեի պաշտոնական դեմք Վլադիմիր Մարկինը աշխատանքի անցավ «ՌուսՀիդրո» ընկերությունում, որ գտնվում է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի ազդեցության դաշտում: «Ռոսնեֆտ», ճիշտ է, մի քանի ամսով՝ 2016-ի օգոստոսին, եկավ և Անձնական անվտանգության ծառայության 6-րդ վարչության համակարգող, փոխտնօրեն, գեներալ Օլեգ Ֆեոկտիստովը: Վերջապես, հենց ՊԴԾ-ի քաղաքական «չեզոքացումը» հանգեցրեց այնտեղից բազում կադրերի հեռանալուն: 2015-ին ՊԴԾ-ից հեռացան առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Բելյակովը և փոխտնօրեն Ալեքսանդր Լաշչուկը: ՊԴԾ-ական Ալեքսանդր Կոլպակովը փոխարինեց Վլադիմիր Կոժինին ՌԴ նախագահի գործերի կառավարչի պաշտոնում: Պուտինի նախկին համհարզ Ալեքսեյ Դյոմինը Տուլայի նահանգապետ դարձավ ՊՆ-ի միջոցով (հավանաբար, նախարարի հետ լեզու չգտավ): ՊԴԾ-ի ևս մեկ ներկայացուցիչ՝ Դմիտրի Միրոնովը, որոշ ժամանակ աշխատեց ներքին գործերի փոխնախարար, հետո դարձավ Յարոսլավլի նահանգապետ: Վերջապես, ՊԴԾ-ից Պուտինի ևս մեկ համհարզ՝ Եվգենի Զինիչևը, որ որոշ ժամանակ Կալինինգրադի նահանգի ԱԴԾ-ի պետն էր, նշանակվեց Կալինինգրադի նահանգապետ: Ճիշտ է, երկար ժամանակ չդիմացավ և աշխատանքի անցավ ԱԴԾ-ի ղեկավարության մեջ: ՊԴԾ-ից կադրային ելքը, որ շատերը սխալմամբ ընդունեցին ուժայինների էքսպանսիա, ոչ այլ ինչ էր, եթե ոչ Մուրով-Զոլոտովի նախկին թիմի ցրում՝ ՊԴԾ-ի մրցակից ԱԴԾ-ի ազդեցության զգալի աճի և էքսպանսիայի պայմաններում: Պուտինի կադրային քաղաքականության համար դա նշանակում է, որ ոչ թե հմուտ կառավարիչներն են առաջ քաշվում, այլ աշխատանքի են տեղավորվում մարդիկ, որ անպետք են դարձել Մուրովի ժամանակների ՊԴԾ-ի թուլացման ու կազմալուծման հետևանքով: Այդ կազմալուծումը կամավոր-հարկադիր էր և առաջացնում էին «չեկիստները»:
ՊԴԾ-ի և ԱԴԾ-ի ինստիտուցիոնալ-կադրային երկարատև կոնֆլիկտի հետևանք դարձավ 2016-ի ապրիլին Ռոսգվարդիայի ի հայտ գալը՝ նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար և ՆԳՆ-ի ներքին զորքերի նախկին գլխավոր հրամանատար Վիկտոր Զոլոտովի ղեկավարությամբ: Վիկտոր Զոլոտովի նշանակումը Դաշնային ծառայության Ազգային գվարդիայի պետ օրինաչափ էր թվում՝ երկու տարի նա արդեն ներքին զորքերի հրամանատար էր, որ դարձան Ռոսգվարդիայի հիմք: Զոլոտովը համարվում է Պուտինի ամենամտերիմ ուժայիններից մեկը: 1990-ականներին նա աշխատում էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի թիկնազորում, որտեղ էլ ծանոթացավ փոխքաղաքապետ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք միասին նաև ձյուդո էին պարապում: Զոլոտովը հետո նաև ազդեցիկ ձեռնարկատեր Ռոման Ցեպովի՝ «Բալթիկա էսկորտ» թիկնապահների ընկերության տնօրենի, թիկնազորի պետն էր, որ իշխանության մարմիններին համապատասխան ծառայություններ էր մատուցում: Նախագահի Անվտանգության ծառայության պետի պաշտոնում (2000- 2013) Զոլոտովը հիշվեց ուժային կառույցների միջկլանային պատերազմներին մասնակցությամբ՝ 2000-ականների կեսին սուր մրցակցություն էր ծավալվել ՊԴԾ-ի (Եվգենի Մուրով), նախագահի անվտանգության ծառայության, թմրամիջոցների շրջանառության վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության` մի կողմից և ԱԴԾ-ի ու Գլխավոր դատախազության միջև մյուս կողմից: Զոլոտովը համարվում է Ռամզան Կադիրովի դաշնակիցը վարչակազմում: Զոլոտովը կազմավորեց ազդեցության նոր ուժային կենտրոն, որ աստիճանաբար փոխարինում է ՊԴԾ-ին նրա նախկին քաղաքական դերում ի հակակշիռ ԱԴԾ-ի (հասկանալի է, որ գործառնական առումով Ռոսգվարդիան և ԱԴԾ-ն միմյանց չեն փոխարինում): Դա դարձավ պուտինյան վարչակարգի հասուն շրջանում եզակի քաղաքական նշանակումներից մեկը՝ խոսքը նոր ուժային ռեսուրսի ձևավորման մասին է, ըստ էության հակահեղափոխական կառույցի, որի իրավասությունները հատվում են ՆԳՆ-ի ու ԱԴԾ-ի հետ: Որոշակի իմաստով նրանք արտակարգ զորքեր են զանգվածային բողոքների, անկարգությունների, ահաբեկչության կամ այլ ուժային հարձակումների դեպքերի համար, որ ենթարկվում են անմիջականորեն Պուտինին: Փաստորեն՝ ուժայինների էքսպանսիան լրացվում է և ինստիտուցիոնալ փոփոխություններով, որ վարչակարգին թույլ են տալիս ապակայունացման դեպքում կենտրոնացնել իրենց ռեսուրսները:
Կոնֆլիկտային կարելի է համարել և նահանգապետերի պաշտոնանկությունները, որ դառնում էին քրեական գործերի մասնակից: Սախալինի նահանգապետ Սերգեյ Խորոշավինը, Կոմիի ղեկավար Վյաչեսլավ Գայզերը, Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխը, ՈՒդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Սոլովյովը, Մարի Էլի ղեկավար Լեոնիդ Մարկելովը… Դեռ երբեք Ռուսաստանում այդքան քրեական գործեր չեն եղել գործող կամ հենց նոր պաշտոնանկված նահանգապետերի նկատմամբ: Եթե անցած տարիներին նման դեպքերը եզակի էին և հետևանք էին ինչ-որ լոկալ կոնֆլիկտի, հիմա խոսքը տրենդի մասին է՝ նահանգապետի պաշտոնը առավել խոցելի է դարձել քրեական հետապնդման համար: Իսկ նման հետաքննությունների թվի աճը նշանակում է, որ խնդիրը այլևս լոկալ չէ և դաշնային նշանակություն է ստացել: Որպես կանոն՝ նահանգապետերի դեմ քրեական գործերի թիկունքում ԱԴԾ-ն է, իսկ գործընթացները ցուցադրական են: ԱԴԾ-ի ակտիվությունը ուղեկցվում էր մեդիաարշավներով, ծառայության ներկայացուցիչները անանունության պայմաններով ԶԼՄ-ներին ասում էին, որ ընտրությունների նախօրեին ստացել են կոռուպցիայի դեմ պայքարում քարտ բլանշ, որ իրենք բոլորին պետք է ցույց տան «խաղի կանոնները», որ գործելու են, համենայն դեպս, մինչև նախագահական ընտրությունները: ԱԴԾ-ն ներկայանում է էքսկլյուզիվ ուժ, որ կարող է օգնել նախագահին կարգուկանոն հաստատել: Իրականում խոսքը ԱԴԾ-ի փորձերի մասին է՝ զբաղեցնել այն կառավարչական վակուումը երկրի ներսում, որ գոյացել է աշխարհաքաղաքական ճգնաժամը սկսվելուց հետո: Եվ նախագահն այդ ակտիվությունը չի կասեցնում, գուցե նաև հրահանգում է: Էլիտայի ներսում կոնֆլիկտայնության աճի կարևոր պատճառներից մեկը պետական իշխանության ինստիտուտների թուլությունն է, նախ և առաջ դաշնային կառավարության, որ Պուտինի երրորդ ժամկետի ընթացքում նվազեցրել է կառավարման գործունակությունը: Տնտեսական քաղաքականության հարցերում առանցքային որոշումների ընդունման նախաձեռնությունն անցել է այլ կառույցների ու հարթակների՝ Կենտրոնական բանկ, Անվտանգության խորհուրդ, ԱԴԾ, նախագահական խորհրդակցություններ և խորհուրդներ: Այս իմաստով պատահական չէր տնտեսական զարգացման նախարար Ալեքսանդր ՈՒլյուկաևի ձերբակալությունը 2016-ի նոյեմբերին՝ ժամանակակից Ռուսաստանի համար բացառիկ դեպք: «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինի հայտարարությամբ սկսված գործը ցույց տվեց և վարչապետի, և նրա կառավարության քաղաքական խոր խոցելիությունը Պուտինի մերձավոր շրջապատի ոչ պաշտոնական հնարավորությունների առաջ: Այս դեպքում կարևոր է ոչ միայն ձերբակալության բուն փաստը, այլև քրեական գործի նախապատրաստությունը՝ ինչպես ռուսական մամուլը հաղորդեց՝ և նախարարին, և նրա մյուս գործընկերներին, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ղեկավարներին մեկ տարուց ավելի ԱԴԾ-ն գաղտնալսում էր:
ՈՒլյուկաևի ձերբակալությունը երևան բերեց կոնֆլիկտների ամբողջ համալիր՝ գաղափարական ու ինստիտուցիոնալ հակասությունների հիմքով: Գաղափարականները հայեցակարգային տարակարծություններն էին Ռուսաստանի տնտեսության պետականացման կողմնակիցների ու հակառակորդների միջև: ՈՒլյուկաևը, ինչպես և կառավարությունը ընդհանուր առմամբ, դեմ էր «Բաշնեֆթի» վաճառքին՝ համարելով կեղծ սեփականաշնորհում («Ռոսնեֆտը», փաստացի, պետական ընկերություն է, թեպետ պետության վերահսկողությունը կողմնակի է՝ «Ռոսնեֆտեգազի» միջոցով): Սեչինը պնդում էր ձևական մոտեցումը և ակտիվները գնելու «Ռոսնեֆտի» իրավունքը: ՈՒլյուկաևի քրեական հետապնդման պատճառը, ըստ հետաքննության վարկածի, «Ռոսնեֆտից» կաշառք ուզելն էր «Բաշնեֆթի» սեփականաշնորհման հարցին դրական լուծում տալու համար: Իրականում Սեչինի գրոհը միայն ընդգծեց կառավարության, իբրև իշխանության ինստիտուտի, անգործունակությունը: ՈՒլյուկաևի հրաժարականը կոնֆլիկտային կադրային լուծման վառ օրինակ է և վկայում է վարչակազմի ներսում կառուցվածքային ու գաղափարական անհավասարակշռության աճը, երբ պաշտոնական իրավասություններն ու առանձնաշնորհումները հաղթահարում են առավել հզոր խաղացողները ուժային միջոցներով: Իսկ այդ խաղացողների պատճառները խթանում է կրճատված ռեսուրսների խիստ սրված պահանջարկը: Ինստիտուցիոնալ հակասությունները այս դեպքում ի հայտ եկան շեղումներով, երբ իշխանության լեգիտիմ կառույցը իր պետական քաղաքականությունը իրականացնելիս, քաղաքականապես կորցնում է գործառնությունները և արժեզրկվում: Վարչապետը և նախարարները հայտնվում են հզոր ճնշման տակ խաղացողների, որ ուղիղ ելք ունեն Պուտինի և ուժային ռեսուրսների վրա: Այս ամենը տանում է կադրային անկայունության աճի և արագացնում է ռոտացիան այնտեղ, որտեղ կադրերը քաղաքականապես նվազ պաշտպանված են (նահանգապետեր և կառավարություն), կամ այնտեղ, որտեղ ուժեղ է մրցակցությունը իրավասությունների ու ռեսուրսների համար (պատերազմ ուժայինների միջև):
Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ, Carnegie Moscow Center
(Հաջորդ մասը)
Հ.Գ. Ահա այսպես, Մոսկվայում սկսվել է Ալեքսանդր ՈՒլյուկաևի դատավարությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Արժի՞ ասել, որ նրա ճակատագիրը որոշվելու է ոչ թե դատարանում, այլ՝ Կրեմլում: ՈՒ դա ընդունված կարգ է ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ